XIX-XX դարերի սահմանագծին Ռուսաստանի մշակութային կյանքում ակնառու երևույթ էր «Միր իսկուսստվա» («Արվեստի աշխարհ») գեղարվեստական միավորումը, հիմնված Սանկտ Պետերբուրգում, 1898 թ.։
Նրա կազմակերպիչներն ու մասնակիցներն էին թատերական գործիչ Ս. Պ. Դյագիլևը, արվեստագետներ Ա. Ն. Բենուան, Կ. Ա. Սոմովը, Լ. Ս. Բակստը, Ե. Ե. Լանսերեն, Մոսկվայից հրավիրված Ա. Յա. Գոլովինը, ինչպես նաև Մ. Վ. Դոբուժինսկին, Ն. Կ. Ռերիխը, Զ. Ե. Սերեբրյակովան, Բ. Մ. Կուստոդիևը և ուրիշներ:
«Միր իսկուսստվա»-ի արվեստագետներն արվեստում գերակա էին համարում գեղագիտական սկիզբը և ձգտում էին մոդեռնին ու սիմվոլիզմին՝ հակադրվելով պերեդվիժնիկների գաղափարներին: Արվեստը, նրանց կարծիքով, պետք է արտահայտի արվեստագետի անհատականությունը: Նրանք հրատարակել են «Միր իսկուսստվա» արվեստի ամսագիրը:
«Միր իսկուսստվա»-ի ամենավառ ներկայացուցիչն Ա. Բենուան էր: Բենուայի ողջ արվեստի մեջ առկա է երկու թեմա՝ Վերսալը և Սանկտ Պետերբուրգն իր արվարձաններով: Այս թեմաները թանգարանում ներկայացված են «Վերսալ։ Լողավազան» և «Օրանիենբաում. Մենշիկովի պալատը: Տաղավար» գեղանկարներով: Դրանք լուծված են դեղնականաչավուն և գորշ երանգների միևնույն գունային գամմայի մեջ, խիստ սիմետրիկ հորինվածքով:
Թանգարանում ցուցադրված են նաև Ա. Ն. Բենուայի եղբորորդու և եղբոր դստեր՝ քույր ու եղբայր Ե. Ե. Լանսերեի և Զ. Սերեբրյակովայի ստեղծագործությունները:
«Միր իսկուսստվա» միավորման անդամ, ինքնատիպ նկարիչ Կ. Ա. Սոմովի ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման յուրահատուկ ձևով և հատուկ թեմատիկայով: Նրա աշխարհը հորինվածի և պատմական զուգորդումների համաձուլվածք է: «Անտառում» գեղանկարը ներկայացնում է Սոմովին բնորոշ կերպարներ՝ անցյալ դարերի հագուստով տիկնոջ և սպիտակ կեղծամով տղամարդու: «Ամպը» ջրաներկ աշխատանքում երկինքը, որը գրեթե փակ է ամպերով, երևում է կենդանի և բնական:
1910 թվականին «Արվեստի աշխարհը» ղեկավարել է Ն. Կ. Ռերիխը: «Ամպ», «Նշան», «Արխայիկ բնանկար» գործերում բավական հստակ զգացվում է Ռերիխի ձգտումը դեպի սիմվոլիզմը: Այս բնանկարներն ամայի են: Որպես հազարամյա պատմության ապացույց այս երկրում մնում են հին քարե «նշանները»: Երկիրը պահում է անցյալի հիշողությունը:
1913-1915 թթ. «Միր իսկուսստվա»-ի ցուցահանդեսներում Բ. Դ. Գրիգորևի աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին արվեստի քննադատների շրջանում:
Գրիգորևի գեղանկարչության և գծանկարչության մեջ ձևավորվել է գրոտեսկի հատուկ մի տեսակ, որպես գեղարվեստական պայմանականության մի ձև, կոմիկական՝ ըստ բովանդակության և դեկորատիվ՝ ըստ ձևի: Իր «գրոտեսկներում» կերպարի մեկնաբանության մեջ նա ստեղծել է հեգնանքի մի երանգ, որը նրա աշխատանքներին հաղորդել է մեծ ինքնատիպություն, ինչպես՝ «Գյուղացի աղջիկներ» նկարում։ Գրիգորևը վիրտուոզ գեղանկարիչ էր և գծանկարի վարպետ: «Կենդանաբանական այգի» նկարում կենդանիները, մարդիկ ու ծառերը զարմանալիորեն նման են միմյանց իրենց ձևերի կորություններով և կեցվածքների անշարժությամբ։ Նկարիչը հեգնում է իր «հերոսներին» և միևնույն ժամանակ՝ ողջ աշխարհի կարգը:
«Մայրը և երեխան» նկարը պատկերում է նկարչի կնոջը, որը կերակրում է երեխային:
Բ. Մ. Կուստոդիևը «Միր իսկուսստվա»-ի ամենակարևոր նկարիչներից էր: Ուրախություն և կյանքի սեր՝ ահա այն կարևորը, որը նկարիչը փորձում է փոխանցել իր նկարներում: Այս ամենի վառ օրինակն են թանգարանում ներկայացված «Գեղեցկուհին», «Ամառ. զբոսանք» աշխատանքները: Նկարիչը բարեսիրտ ժպիտով է հետևում, թե ինչպես է հաղթանդամ մերկ գեղեցկուհին ոտքը դնում կարմիր կոշիկի մեջ՝ դիտողին հնարավորություն տալով հիանալու իրենով, թե ինչպես են ծիածանի աղեղի տակ, ռուսական դաշտում զբոսնում ձիերով։ Դժվար է հավատալ, որ այդ զվարթ և լավատեսական նկարները ստեղծել է ծանր հիվանդ նկարիչը: Երկար տարիներ սայլակին գամված Կուստոդիևը չի դադարել ստեղծել իր գեղեցիկ նկարները:
Ռուսաստանի ամենահայտնի թատերական նկարիչներից Ա. Ա. Գոլովինը ներկայացված է «Ծաղկած լճակ» բնանկարով: Այս դեկորատիվ գեղանկարը խիստ բնորոշ է նկարչին, որը կտավի մակերևույթը պատում է կանաչ զարդանախշով: Գոլովինն իր բնանկարներով, դրանց դեկորատիվությամբ և զարդանախշերով, լիովին համապատասխանում է այն ոճի պարամետրերին, որոնք Ռուսաստանում ստացան արդիականություն անվանումը:
Այս սրահում է նաև հայտնի ռուս բանաստեղծ և նկարիչ, ջրաներկի վարպետ Մ. Ա. Վոլոշինը, որի ստեղծագործությունը հիմնականում նվիրված է Ղրիմին: Նրա «Ղրիմ, Սուդակ» բնանկարը հեռու է կյանքի առօրեականությունից և անմարդ է: Վոլոշինի բարեկամ Կ. Ֆ. Բոգաևսկին նույնպես ողջ կյանքն աշխատել է Ղրիմում՝ ստեղծելով իր հերոսական և ֆանտաստիկ նկարները, որոնցից մեկը «Ղրիմի բնանկարն» է։