Այս սրահում ներկայացված նկարիչները՝ Մարտիրոս Սարյանը, Արթուր Ֆոնվիզինը, Պյոտր Ուտկինը, Պավել Կուզնեցովը, Նիկոլայ Սապունովը, Նիկոլայ Կռիմովը, մյուս սիմվոլիստ նկարիչների հետ ներգրավված էին «Երկնագույն վարդ» խմբավորման մեջ, որի անվանումն առաջացել էր 1907 թ. համանուն ցուցահանդեսից: Նրանք Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի (ՄԳՔՃՈւ) մի սերնդի ուսանողներ էին, որոնց կայացման մեջ հատկապես մեծ դեր են խաղացել Վալենտին Սերովը և Կոնստանտին Կորովինը:
Խմբի կորիզը կազմեցին գեղանկարիչներ Պ. Կուզնեցովը և Պ. Ուտկինը, որոնք ծանոթացել էին դեռևս իրենց հայրենի Սարատովում: Ռուսական գեղարվեստական սիմվոլիզմի օրրան Սարատովը նաև ռուսական սիմվոլիզմի հայրերից մեկի՝ «Երկնագույն վարդի» անդամներին ոգևորող Վիկտոր Բորիսով-Մուսատովի հայրենիքն էր: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ռուսական կալվածքների անցյալի հանդեպ թախծոտ կարոտախտով և անցած դարաշրջանի բանաստեղծականացմամբ:
Հետագայում, արդեն Մոսկվայում, Կուզնեցովին և Ուտկինին միացան խմբավորման անդամ մյուս նկարիչները: Նրանց սիմվոլիստական գեղանկարչությանը բնորոշ են կապտա-մանուշակա-երկնագույն պաստելային երանգները, առեղծվածային մշուշոտ գունաշարը, երազկոտությունը և հայեցողականությունը, ձգտումը անդրանցականին, նրբին գեղեցկության պաշտամունքը: Նրանք հատուկ տեղ էին հատկացնում երաժշտականությանը, բանաստեղծականությանը և թատերականությանը:
Երևանի Ռուսական արվեստի թանգարանի «Երկնագույն վարդի» հավաքածուի ոչ բոլոր ստեղծագործություններն են ժամանակագրությամբ համընկնում իրենց հեղինակների վաղ սիմվոլիստական շրջանին: Այսպես, Հայաստանի պատմական Գողթն գավառում ստեղծված Մ. Սարյանի «Քաղաքիկի ծաղիկների» շարքից «Դեղին ծաղիկները» դասվում են հետսիմվոլիստական, «սարյանական» ոճի կայացման շրջանին:
Խոշորագույն ռուս բնանկարիչ Ն. Կռիմովն իր մասին ասում էր. «Ես կարողանում եմ երփնագրել լոկ թփեր և ցանկապատեր, սակայն անում եմ դա բոլորից լավ»: Թանգարանում նա ներկայացված է տարբեր թվականների գործերով, ներառյալ՝ իր լավագույն սիմվոլիստական «Լուսաբաց» կտավով։
Ա. Ֆոնվիզինը՝ ՄԳՔՃՈւ-ի խռովարարներից մեկը, հարում էր նաև ավանգարդային խմբավորումներին: Նրա թեմատիկ նախապատվությունները կազմվել են կրկեսի և բալագանային ներկայացումների՝ վաղ մանկության վառ տպավորություններից: 1920-ական թթ. վերջից նկարիչն անցավ ջրաներկին, որն էլ դարձավ նրա հետագա կյանքի ստեղծագործական կոչումը: 1940-ական թթ. սկզբներից Ա. Ֆոնվիզինի ստեղծագործության գլխավոր թեմաներն են դառնում թատերական դերասանուհիների դիմանկարները, կրկեսային համարների պատկերները, դրվագներ նախահեղափոխական կյանքից, ծաղիկներ և բնանկարներ:
Մ. Սարյանի համակուրսեցի Պ. Կուզնեցովը, հայ գեղանկարչության նահապետի պես, շատ էր ճանապարհորդում: Եթե Մ. Սարյանը համարվում է Մերձավոր Արևելքի երգիչը, ապա Պ. Կուզնեցովը՝ միջինասիականինը: Նրա ստեղծագործությանը հատուկ մերձվոլգովյան և միջինասիական տափաստանների բնանկարները կատարված են կապտա-երկնագույն, մշուշոտ գունաշարով և լեցուն են տիեզերքի հավերժականության և անսասանության զգացողությամբ, որտեղ առօրյա սյուժեներն ու հասարակ կերպարները մեկնաբանված են տարածա-ժամանակային սահմաններից անդին: Պ. Կուզնեցովը թանգարանում ներկայացված է բավական լայնորեն՝ թե՛ վաղ սիմվոլիստական, թե՛ խորհրդային շրջանների գործերով:
Պ. Ուտկինը սիմվոլիզմի առավել վառ ու հետևողական ներկայացուցիչն էր: Նրա գործերին բնորոշ են դեկորատիվությունը, կերպարների առեղծվածայնությունը, բանաստեղծականությունն ու նրբագեղությունը, կապույտ-ոսկեգույնի գերակշռությունն ու միևնույն ժամանակ՝ այդ ներկապնակի երանգների արտակարգ բազմազանությունը: Պ. Ուտկինի ստեղծագործությունների այդ հատկանիշները կարելի է տեսնել նկարչի արվեստի համար հատկանշական միակ «Լուսնոտ գիշեր» նկարում:
Ռուսական գեղարվեստական սիմվոլիզմի պատմության մեջ հատուկ տեղ ունի Ն. Սապունովը, որը երիտասարդ հասակում դժբախտ պատահարի զոհ է դարձել և, այդուհանդերձ, վիթխարի հետք թողել 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ռուս արվեստում: Ռուսական արվեստի թանգարանում Ն. Սապունովը բավական լայնորեն ներկայացված է հատկանշական ժանրերով՝ ծաղկային նատյուրմորտներ, առեղծվածայնությամբ պարուրված աշխարհիկ զբոսանքների տեսարաններ և, անշուշտ, թատերական ձևավորումների էսքիզներ: Ն. Սապունովը «մոդեռնի» և նախաավանգարդի դարաշրջանի առաջատար թատերական նկարիչներից էր, որը համագործակցել է ռուսական թատրոնի ճանաչված նորարար բեմադրիչների հետ: