Երկրորդ հարկում հավաքված ստեղծագործություններն ընդգրկում են բավական երկար ժամանակահատված (1900–1952 թթ.)։
Այս աշխատանքները շատ բազմազան են իրենց ծրագրերով, ցույց են տալիս պայքարը հակադիր միտումների միջև և բացահայտում են XX դարի առաջին կեսի ռուսական արվեստի պատմական և գեղարվեստական գործընթացների հարուստ պատկերը։
Մինչհեղափոխական տարիներն աչքի են ընկնում տարբեր խմբերի և գեղարվեստական միությունների առատությամբ, որոնց բնույթը ստիպում է անդրադառնալ արևմտաեվրոպական արվեստի առանձին երևույթներին:
Ի. Է. Գրաբարին Մյունխենում ստացած կրթությունը և հաճախակի ուղևորությունները Փարիզ օգնեցին հարստացնել ռուսական գեղանկարչությունը նոր գեղարվեստական միջոցներով: Նա չէր դադարում հիանալ իմպրեսիոնիստների կտավներով, ինչը վկայում են 1900-ականների սկզբի նրա ստեղծագործությունները: «Կարուսել» նկարն իրագործված է իմպրեսիոնիստական տեխնիկայով, բայց ավելի եռանդուն է և հախուռն: «Կարուսելն» իր բուռն պտույտով նկարված է մաքուր գույների կտրուկ վրձնահարվածներով, որտեղ առարկաները զրկված են ուրվագծերից, բայց ձեռք են բերում այլ որակներ: Դրանք առկայծում են, փայլատակում, թարթում, ի վերջո ստեղծվում է ժողովրդական տոնախմբության տոնական, գունագեղ իրարանցումի տպավորություն:
Ռուսաստանում գեղարվեստական կյանքի զարգացման դինամիկան հանգեցրեց խմբավորումների առաջացմանը, որոնց մեջ ակտիվորեն առանձնանում է «Ագուռի զինվոր» միավորումն իր այնպիսի ականավոր ներկայացուցիչներով, ինչպիսիք են Ի. Մաշկովը, Ա. Լենտուլովը, Ռ. Ֆալկը և Ն. Զայցևը:
Մաշկովի «Մրգեր և հատապտուղներ» նատյուրմորտը հաստատում է նկարչի արվեստը որպես ազգային գեղարվեստական մի տարբերակ՝ փոխառված ֆրանսիական դպրոցից, սակայն նրա ստեղծման ժամանակաշրջանում Մաշկովի ստեղծագործության մեջ այդ ազդեցությունը վերածվում է «մոսկովյան սեզանականների» յուրահատուկ երևույթի:
«Ագուռի զինվորի» մեկ այլ ներկայացուցիչ էր Ա. Լենտուլովը: Ի տարբերություն մյուս խմբակիցների՝ սեզանականության ազդեցությունը նա յուրացրել էր հանդարտ, մեղմացված տարբերակով: «Մանուկներն այգում», «Բնանկար ծառերով» կտավներում նկարիչն աշխատում է վառ ներկված «ծվեններով»: Դրանք կրկնապատկվում են, եռապատկվում, փոխում են տեղերը՝ ստեղծելով այգում նստած գիրք կարդացող մանուկների կենդանի մի տեսարան:
Գույնի հանդեպ այլ վերաբերմունք ունի «Ագուռի զինվորի» մեկ այլ անդամ՝ Պ. Պ. Կոնչալովսկին: Նրա «Պտղատու այգի» աշխատանքը, չնայած գունային սպեկտրի զսպվածությանը, հնչեղ է ու պայծառ՝ շնորհիվ կանաչ գույնի երանգների հարստության։ Հեղինակը ստեղծում է այդ գույնի բուռն տարերային շարժման տպավորությունը հողմանման վրձնահարվածներով, որոնք չեն հիշեցնում Սեզանի աշխարհի կուբիստական բազմանիստությունը։
Ա. Կուպրինի «Գուդաուտան» նկարված է երկար, լայնաթափ վրձնահարվածներով, որն օգնում է դիտողին պատկերացնել տարածության երկարությունը, որտեղ լեռների տեսքով խոչընդոտներն աշխարհը դարձնում են է՛լ ավելի հզոր ու փառահեղ:
Ա. Օսմերկինը թանգարանում ներկայացված է խորհրդային շրջանի աշխատանքներով, որտեղ նկարիչը հավատարիմ է մնում Սեզանի սկզբունքներին և ստեղծագործական մեթոդներին: «Գետի մոտ: Ջրաղաց» կտավը հղում է մեզ Սեզանի հայտնի «Մառնի ափերին» ստեղծագործությանը, որը գրեթե կրկնում է վարպետի հորինվածքը:
Ռ. Ֆալկը մեզ ներկայանում է այն փուլում, երբ արդեն «հաղթահարել էր» սեզանականությունը՝ հեռանալով աշխարհում ամենուր հավերժության և անփոփոխության հետքերը որոնելու և գտնելու սկզբունքից։ Ուշ շրջանի Ռ. Ֆալկը նկարում է «երկրային» մի ոլորտ` աղքատ Փարիզն իր գաղտնի գեղատեսիլ տխրությամբ: Նա նկարում է Պրովանսի ձիթենիները ռուսական քնարական և բանաստեղծական բնանկարի ոգով, նկարում է իր կնոջը, որի թախիծն ընդգծված է իր սիրելի ռեմբրանդտյան գամմայով, ձեռքերի ժեստով և դեմքի արտահայտությամբ, որը նրա դեմքը դարձնում է սրբանկար։
Ն. Ուդալցովան ամուսնու՝ Ա. Դրևինի հետ մեկնում է Հայաստան: Գեղարվեստական սուր հոտառությունն օգնել է նրանց տոգորվել այս հնագույն բիբլիական երկրով, խորը զգալ այն իր բոլոր դրսևորումների՝ բնապատկերների, հայերի կենցաղի, գյուղացիների առօրյա աշխատանքների մեջ: Ուդալցևան, չգունազարդելով ոչինչ, կատարել է ճեպանկարներ՝ դրանց մեջ պահպանելով իր տպավորությունների թարմությունը և անմիջականությունը, որը նրա աշխատանքները մերձեցնում է էքսպրեսիոնիստների որոշ առանձնահատկություններին:
Ա. Դրևինը թանգարանում ներկայացված է իր ալթայական աշխատանքներով, որոնցում անծայրածիր Ռուսաստանի հեռավոր մարզը նրան գրավել է ոչ թե տարաշխարհիկությամբ, այլ մարդկային ներկայությամբ՝ իրենց ամենօրյա դժվարություններով («Փոթորիկ տափաստանում») և ուրախություններով («Վերադարձ տուն»):