Թանգարանում ներկայացված են դարաշրջանի ականավոր արվեստագետները և արվեստի առաջատար խմբերը: Նոր միտումները, որոնք իրականացվել են 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի ռուսական գեղանկարչության մեջ, իրենց ողջ միասնության մեջ ունեցել են տարբեր դրսևորումներ, երբեմն՝ միմյանցից տարբեր։ Ընդ որում, նոր միտումները հայտնվել են ոչ անմիջապես, հանդես է եկել ժամանակի գործոնը. ավագ սերնդի նկարիչները, որոնք կապված էին գեղարվեստական զարգացման նախորդ փուլին, համատեղում էին նորարարությունն ավանդույթի հետ։ Որոշ թարմ հնարքներ և տեխնիկա հայտնաբերած արվեստագետները դրանց մշակմանը նվիրեցին երկար տարիներ, մյուսները, ողջ ընթացքում գտնվելով որոնումների մեջ և բացահայտումների ձգտելով, անընդհատ փոխվում էին: Բայց նրանք բոլորը ներկայացնում էին այդ ժամանակի ռուսական նկարչության բազմաշերտ պատկերը:
Ամենից ականավոր վարպետներից մեկը Վալենտին Սերովն էր, որի՝ Ա. Աբրահամյանի ձեռք բերած գեղանկարները, պատկանում են նրա ստեղծագործության վաղ շրջանին: Սերովի վաղ շրջանի գեղանկարչության փայլուն օրինակ է «Եղրևանու փունջը ծաղկամանում» նկարը: Այս մոտիվը, անմիջականորեն մեկնաբանված, զերծ անհարկի մանրամասներից, նկարչին տրվում էր հեշտ և առանց ջանքերի:
Ա. Արխիպովը պատկանում է, այսպես կոչված, ուշ կամ երիտասարդ պերեդվիժնիկների համաստեղությանը, նրա «Երիտասարդ գեղջկուհի» նկարը ցայտուն օրինակ է դեկորատիվ իմպրեսիոնիզմի, որին հանգեցին երիտասարդ պերեդվիժնիկները մինչհեղափոխական տարիների ընթացքում:
Ռուս արվեստագետների շարքում Կ. Կորովինը ամենասկզբից հարեց իմպրեսիոնիզմին և մինչև կյանքի վերջ հավատարիմ մնաց նրան: «Փարիզ» նկարը քաղաքային բնանկարների շարքից է, որոնք վարպետը ստեղծվել է աշխարհի գեղարվեստական մայրաքաղաքում: Հատկապես նա սիրում էր պատկերել երեկոյան և գիշերային Փարիզը, իր փայլող լույսերով և անցորդների պայծառ հանդերձանքով: Շատ ներդաշնակ ու հնչեղ է արվեստագետի գամման «Նատյուրմորտ» կտավում, որտեղ վարդագույն ծաղիկները, կարմիր խնձորները և մանուշակագույն սալորները պատկերված են ծովի ինտենսիվ կապույտ ֆոնին՝ ստեղծելով կերպարվեստի երկու տարբեր ժանրերի յուրահատուկ մի համադրություն՝ նատյուրմորտը բնապատկերով։
Նույն սրահում ներկայացված Մ. Նեստերովն իր գաղափարները հաճախ փնտրել և գտել է կրոնական լեգենդների, մեկուսի կյանքի, բնության հետ ներդաշնակության և նրա մեջ լուծվելու մեջ: Դրա վառ օրինակն է «Ակսակովի հայրենիքում» կտավը, այն բնանկարային մոտիվի տարբերակը, որը նկարիչը գտել է իր հայրենի Բաշկորտոստանում: